Գլխավոր Ավելին

Անեսթեզիա՝ տեսակներից մինչև հակացուցումներ և բարդություններ. բժշկի անդրադարձը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անեսթեզիոլոգիայի բաժանմունքը ամբողջ տարի աշխատում է գերծանրաբեռնված: Մեր անեսթեզիոլոգները ամսական կտրվածքով իրականացնում են մոտ 100 անզգայացում: Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սասուն Ղազարյանը անդրադարձել է անեսթեզիայի վերաբերյալ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի:

Ի՞նչ անզգայացման տեսակներ կան, ինչո՞վ են դրանք միմյանցից տարբերվում:

Տարբերում ենք ընդհանուր և ռեգիոնար անզգայացում: Ռեգիոնար անզգայացման դեպքում տարբերակում են կենտրոնական և պերիֆերիկ անզգայացում, կենտրոնականի մեջ՝ ողնուղեղային անզգայացում, էպիդուրալ, կաուդալ, որը կիրառվում է մանկական պրակտիկայում, իսկ պերիֆերիկի մեջ տարբերում ենք պերիֆերիկ նյարդերի պաշարումները:

Գոյություն ունի նաև զուգակցված անզգայացում, որը կիրառվում է թորակոաբդոմինալ վիրաբուժության մեջ, այն կառավարելի է դարձնում ցավը: Այս անզգայացման առավելությունը հիվանդի հոսպիտալացման կրճատումն է, ներվիրահատական եւ հետվիրահատական ադեկվատ ցավազրկում, չնայած վիրահատության մեծ ծավալին՝ հիվանդի վաղաժամ ակտիվացում, օրինակ՝ հաջորդ օրը հիվանդը քայլում է: Անզգայացման տեսակը ընտրում ենք՝ վիրահատության բնույթից եւ ծավալից ելնելով՝ գնահատելով պացիենտի ընդհանուր վիճակը և ուղեկցող հիվանդությունները, բարդությունները և հակացուցումները:

Ի՞նչը կարող է լինել նարկոզի համար հակացուցում և ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել նարկոզը:

Ամբողջ աշխարհում ընդհանուր անզգայացման հակացուցում գոյություն չունի, կա անզգայացման ռիսկայնություն և ցուցում՝ պլանային է հիվանդը, շտապ, թե անհետաձգելի: Շտապը կատարվում է հոսպիտալացման պահից սկսած` 24 ժամվա ընթացքում, անհետաձգելին` հիվանդանոց մտնելիս՝ մինչև 2 ժամվա ընթացքում: Կարող են տարբեր բարդություններ լինել, յուրաքանչյուր անեսթեզիոլոգ սարսափում է չարորակ հիպերթերմիայից, դրա անտիոդոտը առկա է մեզ մոտ:

Կա արդյոք առավելագույն շեմ, որ տարեկան կամ ամբողջ կյանքի կտրվածքով այսքանից ավել նարկոզ չի կարելի անել: Նման հաշվարկ չկա, դա կախված է վիրահատական ցուցումից:

Անզգայացումից հետո քաղաքացիների գանգատները ինչքանո՞վ են իրական՝ մեջքի ցավ, գլխացավ, ուշադրության և հիշողության կորուստ:

Ամբողջ աշխարհում ապացուցողական փաստ չկա հիշողության, ուշադրության, մազաթափության հետ կապված, իսկ գլխացավերը ողնուղեղային անզգայացումից հետո կարող են դիտվել, այն կոչվում է պոստպունկցիոն գլխացավ, որը առավելագույնը կարող է տեւել մեկ ամիս բժշկի խորհուրդներին (հիպոստատիկ վիճակ, պառկած դիրք) հետեւելու դեպքում:

×
facebook sharing button facebook